Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար պատիվ է, որ Կառավարության ծրագրի իրականացնողների թվում է։
Կառավարությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա նկատեց, որ ծրագիրն ամբիցիոզ է։ Ծրագիրը կազմել են Հայաստանը լավ հնարավորության երկիր դարձնելու տեսլականով։
«Մեր նպատակն է ամեն տարի ստեղծել առնվազն 7 տոկոս լրացուցիչ տնտեսական աճ։ Նախատեսվում է ՀՆԱ-ի 9 տոկոս։ Կառավարության ծրագիրը լի է թվային ցուցանիշներով։ Պատմությունն ունեցել է շատ դեպքեր, երբ պատերազմում պարտությունից հետո երկրները սրընթաց տնտեսական աճ են գրանցում։ Ամենապարզ օրինակները Գերմանիան և Ճապոնիան են։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվել են ոչնչացման եզրին, բայց կարճ ժամանակում հայտնվեցին աշխարհի առաջատար երկրների ցանկում»,- նշեց նա։
Դիտարկմանը, թե տնտեսական բարձր աճ ապահովելու համար որտեղի՞ց ենք ռեսուրսներ գտնելու, նախարարն արձագանքեց․ «Ամենակարևորը ռեսուրսն է, դա հայ ազգի ռեսուրսն է։ Չեմ ուզում առանձնացնել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվողներին, բայց այն ահռելի ռեսուրսը, որն ունենք, բայց դեռևս չենք կարողանում լավ օգտագործել, պետք է կարողանանք լավ օգտագործել։ Ո՛չ միայն մարդկային կապիտալը․ մարդիկ ունեն նաև ֆինանսական կապիտալ, նաև կապեր, ու այդ բոլոր մարդկանց բոլոր կապերը, բոլոր ֆինանսական ռեսուրսները կամ դրանց մի մասը մոբիլիզացնելը արդեն շատ-շատ մեծ ռեսուրս է, որպեսզի Հայաստանի տնտեսական աճն ապահովվի»։
Վահան Քերոբյանի խոսքով՝ սփյուռքի հետ մեր հարաբերություններն ավանդաաբար եղել են օգնության մակարդակով, ինչը վնասաբեր է Հայաստանի համար։ Նախարարը կարևորում է սփյուռքի հետ փոխշահավետ հարաբերությունների ձևավորումը։
«Պետք է որոշակի ապահովագրություն տալ իրեն ներդրումների համար։ Այս իմաստով տնային աշխատանք ունենք անելու և անում ենք, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա գրավիչ երկիր։ Մեր մտքում պետք է պահենք նաև այն, որ ներդրումների համար ամենահավանական թեկնածուները տեղացիներն են, հետո՝ սփյուռքը»,- ընդգծեց նա՝ հիշեցնելով, որ տնտեսությունը շատ արագ աճում է։
Թեև տարածաշրջանի ապաշրջափակման տնտեսական հնարավոր ազդեցությունները գնահատված չեն ու ներառված չեն կառավարության ծրագրում, բայց էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ ապաշրջափակումը կհեշտացնի կառավարության ծրագրի իրականացումը։
«Բնականաբար, գործընթացի առաջխաղացմանը զուգընթաց, մենք նաև պետք է անենք այնպես, որպեսզի մեր տնտեսությունը շարունակի մնալ մրցունակ և հնարավոր ապաշրջափակման պարագայում ունենանք միայն տնտեսական օգուտներ, և տնտեսությունը չտուժի դրանից»,- եզրափակեց նախարարը։