Շիրակի մարզի կարտոֆիլ մշակող ամենամեծ համայնքում՝ Ազատանում, այս տարի բերքի պակաս կա: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի հայտնի կարտոֆիլագործ Գևորգ Աբրահամյանը։
Ֆերմերը 500-600 դրամով էլիտար կարտոֆիլի սերմ է գնել ու ցանել, բայց բերքի սպասումներ չունի: Այստեղ գյուղացիները խնդրի առաջ են կանգնել ինչպես երաշտի, այնպես էլ Կառնուտի ջրամբարում համապատասխան քանակությամբ ջուր չկուտակվելու պատճառով։
«Ես հողամաս էի գնել կարտոֆիլ ցանելու համար, վճարածս գումարը ու դրա վրա արած ծախսերը մոտ 17-18 հազար դոլար են կազմում, ու այսօր փակուղու առաջ եմ կանգնել: Հիմա այդտեղից 170 հազար դրամի ակնկալիք չունեմ»,- հաշվարկեց կարտոֆիլագործը:
Գևորգ Աբրահամյանը սպասում է, որ մեկ հեկտար ցանքատարածությունից առավելագույնը 10-20 տոննա կարտոֆիլ կհավաքի: Մինչդեռ բարենպաստ եղանակային պայմանների դեպքում ֆերմերները հեկտարից 35 տոննա կարտոֆիլ են ստացել: Նախորդ տարի առատ բերք են հավաքել, գինն էլ ցածր է եղել։
«Անցյալ տարի անմիջապես դաշտից կարտոֆիլը կիլոգրամը 60 դրամով են վերավաճառողներին հանձնել: Հետևաբար, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի գյուղացիները քիչ են կարտոֆիլ մշակել։ Կարտոֆիլի մշակության չարչարանքը շատ է։ Եկամուտը կախված է նաև տվյալ տարում կարտոֆիլի գնից, եթե 70-ից ցածր են վաճառում, արդեն եկամուտ չի բերում։ Պարարտանյութն ու բուժանյութը թանկ են, տեխնիկային ենք գումար տալիս, աշխատողին ենք վճարում, գումար ենք ներդնում, բայց կատարած ծախսերի համեմատ եկամուտ քիչ ենք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ֆերմերի կանխատեսմամբ՝ այս տարի կարտոֆիլի գինը բարձր կլինի, քանի որ բերքատվության ցուցանիշը ցածր է։
Հիշեցնենք, որ այս տարի հանրապետությունում առկա է ոռոգման ջրի խնդիր, տարին երաշտային է։ Ոռոգման ջրի պահանջով բազմիցս գյուղացիները բողոքի ակցիաներ են իրականացնել։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշում է ստորագրել։