ՀՀ Աժ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Երկրորդային շուկայում եկամտահարկով հիփոթեքային ծրագրից օգտվելու մասին նախագիծը»:
Նախագծով առաջարկվում էր մարզերում երկրորդային շուկայում եկամտահարկի հաշվին հիփոթեքային վարկի տոկոսների փոխհատուցման ծրագրից օգտվելու հնարավորություն տալ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ հիփոթեքային գործող մեխանիզմով, երբ քաղաքացին կառուցապատողից բնակարան է գնում, վճարած եկամտահարկի տոկոսները փոխհատուցվում են: Այս օրենքն ընդունվել է, որ Հայաստանում բնակարանաշինությունը սկսի զարգանալ, բայց փորձը ցույց է տվել, որ մենք բնակարանաշինություն ունենք միայն Երևանում, և այս մեխանիզմից օգտվում են միայն մայրաքաղաքում:
«Մարզերում ապրող մարդիկ, որոշ դեպքերում, ունենալով բարձր աշխատավարձեր, չեն կարողանում այդ մեխանիզմներից օգտվել իրենց քաղաքներում և ստիպված Երևանում են բնակարան գնում, ինչը տանում է կենտրոնացման: Հիմա, քանի որ որևէ բան չի արվում, որ մարզերում բնակարանաշինությանը զարկ տրվի, մենք առաջարկում ենք, որ այս մեխանիզմը սկսի գործել նաև մարզերի բնակիչների համար և գործի նաև երկրորդային շուկայից բնակարան գնելու պարագայում»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել էր բացասական եզրակացություն:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ առաջին հայացքից շատ լավ նախագիծ է, որը ունի բարի նպատակ՝ մարզերում օգնել մարդկանց ձեռք բերել բնակարաններ: «Բայց իրականում նախագծի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր: Նախագծի հիմնական նպատակն ի սկզբանե եղել է կառուցապատումը խթանելը (այնպես անել, որ շատ բնակարաններ վաճառվեն), ոչ թե սոցիալական խնդիրը լուծելը: Սոցիալականը ևս եղել է բաղադրիչներից մեկը, սակայն հիմնական նպատակը եղել է կառուցապատումը խթանելը, որն էլ իր հերթին հարկեր էր գեներացնելու»,-ասաց Թունյանը:
Ի հակադրություն Մարուքյանի տեսակետի՝ նա նշեց, որ, եթե նախագիծն ընդունեն, դա կլինի խտրականություն. «Երևանում էլ ապրող մարդիկ կան, որոնք ունեն բնակարանի խնդիր: Եվ այնպես չէ, որ Երևանում բնակվողն անպայմանորեն ավելի լավ պայմաններ ունի, քան մարզում ապրողը»։
Թունյանի խոսքով՝ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է բազում ռիսկեր, թե նախագիծն ընդունելու դեպքում ինչ կեղծ գործարքներ կարող են լինել, որոնց հետևանքով բյուջեն կարող է կորուստներ կրել:
Թունյանի կարծիքով՝ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ մտցնելն իմաստ չունի, հանձնաժողովում մասնագիտական քննարկում արել են արդեն, հասկացել են, որ չկա ընդհանուր եզր՝ հայտարարի գալու համար: Նա առաջարկեց մտածել ավելի խորքային լուծումներ գտնելու համար:
Քվեարկությամբ նախագիծը ստացավ 36 կողմ, 74 դեմ, 1 ձեռնպահ ձայներ՝ չընդգրկվելով 7-րդ գումարման ԱԺ-ի 3-րդ նստաշրջանի նիստերի օրակարգ: