Գյումրիում ավտոմաքսատան կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից նոր ավտոմաքսատունը կսկսի գործել:
ՊԵԿ նախագահը նշել է, որ սպասում են ավտոմեքենաների աննախադեպ հոսքի և նույնիսկ կանխատեսելը շատ դժվար է:
Դավիթ Անանյանի խոսքով մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումը նպատակ ունի այն դարձնելու արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:
«Նոր մաքսատունը 158 կմ հեռավորության վրա է գտնվում Բագրատաշենի մաքսակետից, 115 կմ՝ Գոգավանից և 58 կմ՝ Բավրայից»,- ասել է Դավիթ Անանյանը:
Ըստ Դավիթ Անանյանի՝ նոր մաքսատունը հետագայում գտնվելու է Հյուսիս-հարավ ճանապարհի բանուկ հատվածում և այդ առումով էլ հաջողությամբ կգործի:
Նոր մաքսատան բացումից հետո նոր աշխատատեղեր կստեղծվեն։
«Մենք արդեն դասընթացներ ենք հայտարարում, որ անցկացնենք: Կարծում եմ՝ հենց տարածաշրջանից պետք է ընդունենք աշխատակիցներ: Իհարկե, աշխատակիցների մի մասն էլ Երևանից կգործուղվի»,- ասել է Դավիթ Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման ժամանակ նախագիծը ֆունկցիոնալ առումով այնպես է իրականացվելու, որ այսօրվա կառուցվող ենթահամակարգերը հանդիսանան մեծ համակարգի կամ ենթահամակարգի բաղկացուցիչ:
Մաքսատունը լինելու է ամբողջ բիզնեսի ներմուծման և արտահանման կամ այլ կերպ ասած՝ արտաքին տնտեսական գործունեության հետ կապված գործառույթի սպասարկման կենտրոն: