Այսօր՝ հուլիսի 13-ին, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում կազմակերպվել էր «ՍՄԱՐԹամեջ» հանդիսավոր միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԿԳ, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ հարությունյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և այլոք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում նշել է, որ իր համար մեծ պատիվ է «ՍՄԱՐԹ» կենտրոնում գտնվելը և վաղուց էր պլանավորում այցելել կենտրոն, որովհետև բազմից լսել է կենտրոնի հաջողությունների և իրականացվող ծրագրերի մասին։
«Այն ինչ տեսա, իսկապես սպասում էի: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գործադրված ջանքի համար, որ Հայաստանի սրտում՝ Թումանյանի ծննդավայրում, վերածննդի այսպիսի անկյունաքար ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով 2018 թ․ տեղի ունեցած հեղափոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը սկսել է ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել: Հեղափոխական գործընթացի հիմքում ընկած է նաև տնտեսական գործոնը։ Հեղափոխության տնտեսական հիմքն այն մարդիկ են, ովքեր բիզնեսի, գիտության, տնտեսության մեջ նոր գաղափարներ են կյանքի կոչել, իրականացրել են ծրագրեր՝ դուրս լինելով ավանդական օլիգարխիկ շրջանից:
«Տեսնում ենք, որ կան տարբեր նախաձեռնություններ: Եվ տեսնում ենք Սփյուռքի մի շարք գործիչների վերաբերմունքի փոփոխությունը Հայաստանում իրենց ծրագրերի վերաբերյալ: Ոչ միայն ուտելիք, կոշիկ և այլ իրեր տրամադրելն է իրականացվում, ինչը ևս կարևոր էր: Չէ, որ հենց այդ աջակցության շնորհիվ ժամանակին Հայաստանը փրկվեց սովից, աղետից: Բայց այսօր իրավիճակն այլ է: Եկավ մի պահ, երբ Սփյուռքի ընկալումը փոխվեց, մարդիկ եկան այն եզրակացության, որ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանության: Այն է՝ պետք է իրականացվեն ծրագրեր, որոնք կփոխեն մարդկանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է այնպիսի ծրագրեր իրականացնել, որ մարդիկ հավատան իրենք իրենց:
«Նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, նրանց հետ էին հույս կապում: 2018 թ․ իրենք հավատացին իրենց, հասկացան, որ որոշիչ ուժ են։ Նոր Հայաստանի քաղաքացին հավատում է ինքն իրեն: Ժովովուրդն իր պատկերով է ստեղծում պետական ապարատն ու կառավարությունը։ Պետական պաշտոնյան ժողովրդի արտացոլումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Այդ գործընթացը սկսվել է վաղուց: Գյուղերում երեխաները ծնվում են ու տեսնում ցեխոտ փողոց, կիսախարխուլ տներ, լսում են կողքից, թե, այ բալա ջան, ի՞նչ կարող ես անել, ոչ փող ունես, ոչ թիկունք: Հեղափոխությունը երեխաներին ասում է մի բան՝ դուք կարող եք փոխել աշխարհը: Այս ծրագրերի առանցքը հենց դա է՝ օգնել մարդկանց, որ հավատան իրենց ուժերին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարևորում է այսպիսի կրթական կենտրոնների առկայությունը և համոզմունք հայտնեց, որ ապագայում Հայաստանի մյուս մարզերում առնվազն երկու այսպիսի կենտրոն կլինի, քանզի այսպիսի կենտրոնները նպաստում են երեխաների ապագայի ձևավորմանը։
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն կատարած այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել է Դեբեդ գյուղում կատարված ներդրումային ծրագրին և իրականացված աշխատանքներին:
Նշենք, որ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ»-ը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Կենտրոնում ուսուցումն իրականացվում է նախագծային և գործնական ուսուցման մեթոդների հիման վրա։
Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ստեղծում Լոռու մարզի 57 համայքների երեք տարեկանից բարձր ավելի քան 150 հազար երիտասարդների և մեծահասակների համար: