Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջև «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումներն իրականացնելու նպատակով 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Տարածքային կառավարմեն և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով, Հայաստանի և Վերականգնման վարկերի բանկի միջև նախատեսվում է ստորագրել 2,7 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր՝ հիշյալ ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաև հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար։
Սուրեն Պապիկյանը նշել է, որ այս ծրագրով նախատեսվում է KFW բանկի հետ ստորագրված համաձայնագրի համաձայն ստանալ 18,5 մլն եվրո գումար Կաբսի ջրամբարի կառուցման, վերականգնողական որոշակի աշխատանքների համար:
Վերակառուցման արդյունքում խողովակաշարը կպարունակի 25 մլն խմ ծավալով ջուր և 740 հա նոր հողատարածքներ ոռոգման ենթակա կդառնան։