ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ՀՀ կառավարության հունիսի 20-ի հերթական նիստում ներկայացրել է «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագիրը, որը արժանացել է կառավարության հավանությանը։
Այս մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից։
Ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հա գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր, վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսացող, աշխատաշուկայում անմրցունակ անձինք, ովքեր, որպես աշխատանք փնտրող հաշվառվել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:
Նախատեսվում է ծրագրում ընդգրկված անձանց օրվա կտրվածքով վճարել 4000 դրամ, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում նաև փոխհատուցում՝ մեկ ժամվա համար 5000 դրամի չափով:
Հավելենք նաև, որ ծրագրի 2019թ. բյուջեն կազմում է 638,600.8 հազ. դրամ, որի շրջանակում նախատեսվում է պայմանագիր կնքել 2400 հողօգտագործողի հետ, իսկ ծրագրերում ընդգրկել 2923 անձի:
Մեկ ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ: