Սոթքի հանքավայրը շահագործող «ԳեոպրոՄայնինգ» ընկերությունը տեղի ունեցող իրադարձությունների շուրջ առայժմ չի ցանկանում որևէ մեկնաբանություն տալ։
Armenia Today-ի հետ զրույցում ընկերությունից նշեցին՝ քանի դեռ Սոթքի հանքավայրի շուրջ բանակցություններ են ընթանում, իրենք նախընտրում են որևէ պարզաբանում չտալ։
Միևնույն ժամանակ «ԳեոպրոՄայնինգ»-ից չհստակեցրեցին, թե որ կողմի հետ են բանակցություններ տարվում, միայն ընդգծեցին, որ քննարկումներ ընթանում են բոլոր մակարդակներում։
Հավելենք՝ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե հանքավայրի տնօրինությունն աշխատակիցներին հորդորել է անվտանգությունից ելնելով՝ աշխատանքի չգնալ։ Խոսակցություններ են պտտվում, որ հանքի 30 տոկոսը հայկական, մնացածը՝ ադրբեջանական վերահսկողության տակ են։
Սոթքի ոսկու հանքը, ըստ պաշտոնական մեկնաբանության, կիսով չափ հայկական, կիսով չափ ադրբեջանական կողմին է անցնում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորները մտել են Սոթքի հանքավայր և աշխատակիցներին ժամանակ տվել դուրս գալու համար: Թեև ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ լուրը, սակայն Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավարը հաստատել էր և տեղեկացրել, որ ադրբեջանցիները Սոթքի հանքի տարածքում են` բանակցություններ են վարում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեռուսստաուղերձում անդրադարձել էր Քարվաճառի ու Սոթքի ոսկու հանքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին: Նա հայտարարել էր, որ գործընթացները տեղի են ունենում ոչ միայն ռուս խաղաղապահների, այլև ադրբեջանցի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Վարչապետը շեշտել էր, որ տեղի ունեցող գործընթացները նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման մասն են: Այն ենթադրում է, որ ՀՀ ԶՈւ-ը պետք է տեղակայվի Գեղարքունիքի մարզի ՀՀ պետական սահմանին՝ այն սահմանին, որը հայտնի է որպես Խորհրդային Հայաստանի սահման:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը։ Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: