ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ լուրերն այն մասին, թե «Մոգո» վարկային կազմակերպությունը, որը տնօրինել է ինքը, 400 տոկոսով վարկեր է տրամադրում, թալանում մարդկանց, իրականությանը չի համապատասխանում։
Խոսելով Արցախյան պատերազմի, մասնավորապես, Եռակողմ հայտարարության մասին, լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Առաքելյանը կիսո՞ւմ է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը, նա ասաց, որ տեղի ունեցածը ողբերգություն է, բազմաթիվ քաղաքացիներ ունեն անձնական ու ընտանեկան խնդիրներ, նախարարությունում կան բազմաթիվ անելիքներ։
«Տարածքները հանձնվել են Եռակողմ հայտարարության ստորագրման հիման վրա, այդ պահին իրականացվել է հնարավոր առավելագույնը։ Վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ նա պարզաբանել է ստեղծված իրավիճակը և այն անելիքները, որոնք առաջիկա ամիսներին իրականացվելու են ճանապարհային քարտեզի տրամաբանությամբ։
«Մեր նախարարության գործառույթը սոցիալական աջակցության ցուցաբերումն է, առաջարկները քայլ առ քայլ իրականացվում են կառավարության նիստերի ժամանակ։ Այսօր աջակցության 3 ծրագիր է հաստատվել, և իմ գործը դրանց իրականացումն ապահովելն է»,- ասաց Առաքելյանը։
Լրագրողների նկատառմանը, թե կառավարությունը, որի անդամ է հիմա Առաքելյանը, հասարակությունը որակվում է որպես «դավաճան, հող ծախող», նա պատասխանեց, որ ժամանակ չունի Facebook-ում հետևելու հասարակության կարծիքներին, գրառումներին, ամբողջ ժամանակը տրամադրվում է աշխատանքներին, որոնք իրենց առջև դրված են։
Առաքելյանի խոսքով՝ աջակցության 6-ամսյա ծրագիրն այն բանի համար է, որ իրենց բնակարանները կորցրած քաղաքացիները հնարավորություն ունենան կեցության հարցերը լուծելու, սակայն հասկանալի է, որ հետագայում այդ մարդիկ պետք է վերադառնան Արցախ և նոր կացարանում բնակվեն։ Դա, սակայն, կարճ ժամանակահատվածում լուծվող հարց չէ։
Իսկ թե ինչ է մտածում նախարարը 2021 թվականի բյուջեի ծրագրով 19 մլրդ դրամ պարգևավճարներին հատկացնելու անհրաժեշտության մասին այս ծանր հետպատերազմական իրավիճակում, ասաց, որ կրտսեր բազմաթիվ աշխատողներ, օրինակ բավականին ցածր են վարձատրվում, իսկ ինքն ու ղեկավար անձնակազմը պարգևավճար չեն ստացել ու չեն ստանա։