Ռուսաստանն ակնկալում է ԵԱՀԿ երկրների կողմից ավելի ակտիվ աջակցություն` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ձեռք բերված եռակողմ հայտարարության շրջանակում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդին ուղղված Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձում:
«Կազմակերպության ներուժը հակամարտությունների կարգավորման հարցում շարունակում է պահանջված մնալ: ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման շուրջ ձեռք բերված համաձայնությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան անդամ պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Մենք դա ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին ստորագրվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը: Փաստաթուղթը վերջ տվեց ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման գոտում, որը սկսվել էր սեպտեմբերի 27-ին: Փաստաթղթի համաձայն՝ ադրբեջանական և հայկական կողմերը կանգ են առնում գրավյալ դիրքերում, իսկ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահներ: