«ԵԱՏՄ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտության հարցը Հայաստանի համար մնում է հիմնարար»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի առցանց նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ուստի, մենք այն կարծիքին ենք, որ անհրաժեշտ է համակարգված էներգետիկ քաղաքականություն իրականացնել, ձևավորել նավթի, նավթամթերքի և գազի ընդհանուր շուկաներ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա:
Այս առումով մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ-ի գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, ներառյալ՝ բնական մոնոպոլ սուբյեկտներին գազի փոխադրման և տարանցման գործում մատուցվող ծառայությունների միասնական սակագներ:
Մենք ընդգծում ենք գազի շուկայի ձևավորման խնդրի ընդհանուր լուծում որոնելու և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ դա պայմաններ կապահովի Միության անդամ պետությունների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար», – ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական զարգացման ուղղությունների նախագիծը մինչ 2025 թվական ընդունվել է 2020 թվականի մայիսի 19-ին՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
Փաստաթուղթը նախատեսված է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացմանը նպատակաուղղված օժանդակության ճկուն մեխանիզմների մշակման ապահովման, համագործակցության ծրագրերի կառավարման և ֆինանսավորման արդյունավետ համակարգի ձևավորման, տնտեսության բարձր արտադրողական, այդ թվում` արտահանմանն ուղղված ոլորտների ստեղծման և զարգացման համար: