Հայկական լոբբիստների շնորհիվ պատմության մեջ ամենահակահայկական բանաձևը հանվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի օրակարգից։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա հստակեցրեց, որ բանաձևը վերաբերում էր 2021 թվականի Ազգային պաշտպանության հաստատման վերաբերյալ օրենքում անթուլատրելի հակահայկական ձևակերպումների մասին:
«Դեռևս հուլիսին բարձրաձայնել էի, որ ԱՄՆ Կոնգրեսում ադրբեջանցիները, համագործակելով մի շարք այլ պետությունների հետ, հակահայկական բանաձև են շրջանառության մեջ դրել։ Դա օրենքի նախագիծ էր ֆինանսավորման վերաբերյալ, որի մեջ ձևակերպումներ կային, որոնք ուղղակիորեն ոչ միայն չէին բխում Հայաստանի շահերից, այլ՝ հակասում էին։ Այդ ձևակերպումները մեզ համար չափազանց վտանգավոր և վատն էին»,- ներկայացրեց միջազգայնագետը։
Օրենքի նման հոդվածը հանելու համար հետևողական աշխատանքներ պետք է տարվեր։ ԱՄՆ-ում հայկական համայնքը և լոբբիստական կազմակերպություններն իրենց ջանքներն ուղղել էին այդ գործին։
«Այդ հոդվածում հավասարության նշան էր դրվում Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի, Օսեթիայի, Ղրիմի կոնֆլիկտների միջև։ Բնականաբար, դա մեզ համար անընդունելի էր։ Պետք է հաշվի առնենք, որ այդ հոդվածը ոչ միայն հակահայկական էր, այլ նաև հակառուսական։ Այդտեղ կար ուկրաինական և վրացական խնդիրը և դրանք վերաբերվում էին Ռուսաստանի Դաշնությանը։ Օրենքն ընդունել են, բայց հանել են հոդվածը, որը հակահայկական և հակառուսական ձևակերպումներ էր պարունակում»,- մանրամասնեց Սարգսյանը։
Նա նշեց, որ ԱՄՆ-ում հայ լոբբիստական կառույցները կարողացել են նաև հասնել նրան, որ մի քանի նախագծեր մտնեն ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ, որոնք քննադատում են թուրք- ադրբեջանական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում։
Սուրեն Սարգսյանը հույս հայտնեց, որ հայկական կազմակերպությունների կողմից տարվող էֆեկտիվ աշխատանքների միջոցով շրջանառության մեջ դրված հակաթուրքական և հակաադրբեջանական նախագծերը կընդունվեն։