Բոլորը պետք է այնպես անեն, որ Հայաստանում բախումներ տեղի չունենան։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն՝ անդրադառնելով ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի այն հայտարարությանը, թե հրաժարական չտալու դեպում Փաշինյանին գազազած ժողովուրդը կհոշոտի։
«Ես լսում եմ տարբեր մարդկանց ելույթներ և չեմ տեսնում իրավիճակից դուրս գալու որևէ առաջարկ, փոխարենը մարդկանց ագրեսիվության տանելու հորդորներ են հնչեցնում և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից։ Կարող է մի քիչ ռոմանտիկ հնչել, բայց ես կարծում եմ, որ երբ պետությունը վտանգված է, քաղաքական գործիչները ոչ թե պետք է մարդկանց իրենց շուրջ միավորեն, այլ՝ իրավիճակից դուրս գալու լուծումներ առաջարկեն»,- նկատեց իշխող ուժի ներկայացուցիչը։
Պատգամավորի կարծիքով՝ ազգային համախմբումը լինում է ոչ թե մեկ մարդու հրաժարականի պահանջի, այլ՝ գաղափարների և ծրագրերի շուրջ։
Հովհաննես Իգիթյանի պատկերացմամբ՝ դիվանագիտության ամբողջ կորպուսը պետք է միավորել, բայց հակառակն է տեղի ունենում։ Նա ցավում է, որ փորձառու դիվանագետները դուրս են գալիս ոլորտից։ ԱԺ պատգամավորն ընդգծում է, որ այսօր պետք է միավորվել պետության շուրջ, ոչ թե առանձին անհատների։
Հիշեցնենք, որ ընթացիկ քաղաքական գործընթացների հետ կապված ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կրկին քաղաքացիական պատերազմի վտանգի մասին» վերտառությամբ հոդվածով է հանդես եկել։ Ըստ Առաջին նախագահի՝ Վազգեն Մանուկյանի գլխավորած հանրահավաքը ավելի խորացրեց իր մտավախությունը մեր երկրին սպառնացող քաղաքացիական պատերազմի վտանգի մասին:
Ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ ինչքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան լավ, հակառակ դեպքում, գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի։
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Արցախյան պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ինչպես արտախորհրդարանական, այնպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականը։ Նշենք, որ եթե Փաշինյանի հրաժարականի պահանջով միացած 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, ապա նրանց չմիացած ԼՀԿ-ի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանն է։