ԱԺ-ն նոր պատգամավորներ ունի։ Մինչև նիստի մեկնարկը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ դադարեցվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանի և Վարազդատ Կարապետյանի լիազորությունները։
Գայանե Աբրահամյանի փոխարեն մանդատը ստացավ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի հերթական թեկնածու Հայկ Ցիրունյանը։
Իսկ Վարազդատ Կարապետյանի փոխարեն մանդատը վերցրեց Նարեկ Գրիգորյանը։
Նրանք երդմամբ ստանձնեցին իրենց պատգամավորական լիազորությունները։
Ի դեպ, ԲՀԿ-ն Աժ նիստին չի մասնակցում։
Հավելենք, որ Աժ օրակարգում ներառված է 27 հարց, այդ թվում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Ցիրունյանի լիազորությունները նույնպես դադարեցվել էին։
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, քանի որ նա ստանձնում է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Գայանե Աբրահամյանը, Վարազադատ Կարապետյանը, Լուսինե Բադալյանը վայր են դրել իրենց պատգամավորական մանդատները, իսկ Թագուհի Թովմասյանը դուրս է եկել խմբակցությունից և շարունակելու է իր գործունեությունը որպես անկախ պատգամավոր: