ԱԺ-ն այսօր քվեարկության դրեց հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հրատապ թեմայով քննարկումը փակ նիստով անցկացնելու մասին ԱԺ ուղերձ ընդունելու վերաբերյալ հարցը։
Քվեարկության մի քանի փորձից հետո որոշումն ընդունվեց 68 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Մինչև քվեարկությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն առաջարկեց հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու հարցը քննարկել փակ նիստում, քանի որ զգայուն թեմա է և առնչվում է ռազմագերիներին ու նրանց ընտանիքներին։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համաձայն չէր, որ փակ քննարկում լինի՝ նշելով, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև ուղերձի ընդունում:
«Ուղերձն իրենից ներկայացնում է տեքստ, որը որևէ քաղաքական նկատառում չունի: Երեկ «Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել ԱԺ խորհրդի նիստում ուղերձի այսօրվա քննարկումը։ Հարցը պարտադիր պետք է քննարկվի: Ինչո՞ւ են ուզել տապալել, որովհետև չեն ուզել, որ այս հարցով ելույթներ ունենանք: Գտնում ենք, որ փակ անելն ընդհանրապես անիմաստ է: Այդ ժամանակ ԱԺ ձայնը կհնչեցվի ի լուր աշխարհի, որ ռազմագերիներին օր առաջ պետք է վերադարձնել», – նկատեց ԼՀԿ ղեկավարը։
Մակունցը պատասխանեց, որ իրենք նման ցանկություն չունեն։ Եթե ունենային, մինչև երեկո իմքայլական պատգամավորները ԼՀԿ-ի ներկայացուցիչների հետ հարցը չէին քննարկի։
«Եթե այդպես լիներ, Արդարադատության նախարարությունից ներկայացուցիչը, ՄԻԵԴ-ում մեր ներկայացուցիչը համատեղ չէին աշխատի տեքստի վրա: Ես հասկանում եմ, որ քաղաքական նպատակներով կարելի է ցանկացած տեքստ այստեղ հնչեցնել»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանի հայտարարությանն անդրադարձավ նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, որ բաց քննարկումը կարող է վնասել հայ ռազմագերիներին։