«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել Լեռնային Ղարաբաղի շրջաններն Ադրեջանին հանձնելու դիմաց։
Նա Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Սերժ Սարգսյան- Ալեքսանդր Լուկաշենկո ձայնագրությունը բազամաթիվ հարցեր է առաջ քաշում։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ նման հարցերի պատասխանները ստանալու համար ԼՀԿ-ն նոր նախաձեռնությամբ է հանդես գալու։ Առաջարկելու են խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծել։
«Կարծում եմ՝ այս հարցը պարիտետային հանձնաժողովի համար քննության լավ առարկա է։ Այնտեղ պետք է կանչվեն և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշիանյանը։ Նրանք պետք է պատմեն՝ ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չգիտենք։ Կարևոր հարցեր կան․ այդ գումարն առաջարկել է Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել։ Կարող է ասել են՝ քեզ կաշառ տանք, զորքերդ հանիր։ Այլ հարցեր ևս կան։ Մի քիչ սպասեք, սրա հետ կապված էլի նյութեր են լինելու, սերիաներ են լինելու»,- նկատեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմը և Եռակողմ հայտարարությունը պետք է քննության ենթարկվեն։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տելեգրամյան ալիքներից մեկը տարածեց Ալեքսանդր Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած զրույցի ձայնագրությունը, որում Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում էր 5 մլրդ դոլարի դիմաց հանձնել Արցախն ադրբեջանցիներին, իսկ Սարգսյանը մերժում էր։ Այս ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում։
Ձայնագրությանն անդրադարձել է նաև ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը՝ հայնելով, որ Սերժ Սարգսյանը ձայնագրության հրապարակումն ընդունում է որպես փաստ և զերծ է մնում մեկնաբանություններից` նկատի առնելով այն հանգամանքը, որ փակ ձևաչափով անցկացված նիստերը մեկնաբանման ենթակա չեն, ինչպես չեն եղել մինչ այժմ: