Armenia Today-ի տեղեկություններով՝ այս պահին կանգնեցված է Երևանի մետրոպոլիտենի ողջ երթևեկությունը։ Մեզ հետ զրույցում լուրը հաստատեցին Մետրոպոլիտենից։
Տեղեկությունների համաձայն՝ ցուցարարները անհնազանդության ակցիաներ են իրականացրել մետրոյի Գործարանային կայանում։ Ղեկավարությունը ստիպված է եղել կասեցնել ամբողջ մետրոյի աշխատանքը։
Armenia Today-ի հարցին, թե կա՞ն, արդյոք արգելափակված մարդիկ, Մետրոպոլիտենից պատասխանեցին, որ մետրոյի տարածքում մարդ չկա, ուղղակի կայանների մուտքերը փակվել են։
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։
Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետին՝ ժամանակ տալով մինչ դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը։ Ժամկետի լրանալուն պես ողջ ՀՀ տարածքում սկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։