ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական փաթեթը:
«Իմ քայլը» խմբակցությունն այս նախաձեռնությամբ առաջարկում է հեշտացնել կուսակցությունների գրանցման և ստեղծման ընթացակարգը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը խորհրդարանում ներկայացրեց «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի» փոփոխությունների նախագիծը և շեշտեց, որ այսօր շատ կարևոր է ՀՀ-ում ավելի առողջ քաղաքական դաշտ ունենալը։
«Փաթեթում նախատեսվում են մի շարք առանցքային փոփոխություններ։ Ավելացվել են մի շարք հստակեցումներ, այդ թվում՝ նաև նվիրատվության, մուտքի վճարների, անդամավճարների հետ կապված՝ միասնական և առավելագույն շեմ սահմանելով ֆիզիկական անձանց համար և արգելելով իրավաբանական անձանց կողմից՝ կուսակցությունների բիզնեսից ուղիղ ֆինանսավորումը: Մենք այս փաթեթով ստեղծել ենք այնպիսի կառուցակարգ, որը քաղաքացուն հնարավորություն է տալու իմանալ, թե կուսակցությունն ինչպես է ֆինանսավորվում»,- նշեց նա։
Համազասպ Դանիելյանն ընդգծեց, որ փոփոխությունները կնպաստեն, որպեսզի կուսակցությունները լինեն ֆինանսական առումով առավել թափանցիկ և հաշվետու։
«Նախագծի առանցքային նպատակը Հայաստանում ավելի առողջ քաղաքական դաշտ, այնպիսի կուսակցական համակարգ ունենալն է, որտեղ կուսակցությունները կլինեն պակաս ապագաղափարական, պակաս անձակենտրոն, կլինեն հաշվետու և թափանցիկ»,- եզրափակեց պատգամավորը: