ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Armenia Today-ի լրագրողին ասել է, որ Փաշինյանն այլեւս Հայաստանի փաստացի վարչապետ չէ։
«Ես երկար տարիներ աշխատել եմ Նիկոլ Փաշինյանի հետ և լավ եմ ճանաչում նրան։ Գիտեմ, որ նա արհամարհում է ժողովրդի կարծիքը, ուստի մենք չենք ակնկալում, որ նա այսօր կամ վաղը հրաժարական կտա: Անհրաժեշտ է կրկնապատկել ժողովրդի ճնշումը Փաշինյանի վրա: Մենք պետք է պատրաստվենք երկարատև պայքարի, քանի որ նա ինքնակամ չի հեռանա:
Բայց Փաշինյանը նույնիսկ իշխանության մեջ մնալու չնչին շանս չունի: Փաշինյանն այլեւս Հայաստանի փաստացի վարչապետ չէ: Հայաստանում այսօր լիակատար անարխիա է: Իսկ թե ինչպես և երբ նա կհեռանա, դա ժամանակի հարց է»:
Նշենք նաև, որ երեքշաբթի Երևանում անհնազանդության գործողություններ էին անցկացվել, մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ արգելափակվել էին:
Ցուցարարները պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ից ի վեր Երևանում անցկացվում են ցույցեր՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության:
Ընդդիմության 16 ուժերի ներկայացուցիչները պահանջում են կառավարության ու վարչապետի հրաժարականը:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նախագահությունը, ԵՊՀ գիտական խորհուրդը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը և մի շարք հասարակական կազմակերպություններ նույնպես պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նույնպես կողմ արտահայտվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին: