Խորհրդարանում տեղի ունեցավ Աժ-կառավարություն հարցուպատասխանը։ ԻՆչպես գրեթե միշտ, այսօր ևս, պատգամավորների հարցերի 90 տոկոսն ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմադիր երկու խորհրդարանական խմբակցություններից ներկա է միայն Լուսավոր Հայաստանը, իսկ ԲՀԿ-ն կրկին տեղում չէ։ ԼՀԿ պատգամավորների բարձրացրած բոլոր հարցերի հիմքում նույն միտքն էր պտտվում՝ ինչո՞ւ վարչապետը հրաժարական չի տալիս։ Իհարկե, հարցերը ողողվում էին Փաշինյանին նսեմացնող բառամթերքով։ Սակայն, վարչապետը բոլոր հարցերին պատասխանում էր՝ չխախտելով կոռեկտության սահմանը։
Պատասխանելով ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Գևորգ Գեորգիսյանի հարցին, թե ինչու վարչապետը չի ուզում հեռանալ, երբ ժողովուրդը պահանջում է դա, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, Ժողովուրդի անունից խոսելու հնարավորություն պետք է ունենա ժողովուրդը։ Վարչապետի խոսքով՝ մեծագույն խնդիրն այն է, որ ժողովուրդը խոսելու հնարավորություն ունենա, և առանձին խմբերի կարծիքները չպետք է շփոթել ժողովրդի արտահայտած դիրքորոշման հետ։
«Ձեր նշած օրակարգը սպառելու համար պետք է միջոցները տարբերակենք նպատակներից։ Մեր մեծագույն խնդիրն է այն է, որ Հայաստանում ժողովրդի իշխանությունը որևէ վերնագրի ներքո կամ որևէ «սոուսի» մեջ վտանգի չենթարկվի։ Այսօրվա իմ և մեր Կառավարության ամենամեծ անելիքը համարում եմ դա։ Ինչո՞ւ խորհրդարանական ուժերը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ ինչու այդ քաղաքական ուժերն ու էլիտայի ներկայացուցիչներն անընդհատ առաջարկում են սցենարներ, որոնք ունեն միայն մի նպատակ՝ ժողովրդին դուրս թողնել պրոցեսից, ընդ որում՝ անվերադարձ։
Ընդդիմադիր քաղաքական ուժերն առաջարկում են Հայաստանում ստեղծել անիշխանություն կամ խամաճիկային իշխանություն։
Այդ ուժերն առաջադրում են վարչապետի թեկնածու, որը չունի ժողովրդի աջակցությունը, որը չունի հենարան ԱԺ-ում, որը չունի նույնիսկ հեռանկար՝ արժանանալու ժողովրդի աջակցությանը։
Պայման է դրվում, որ այդ թեկնածուն պետք է ընտրություններին չմասնակցի, հետևաբար, այս պայմաններում, եթե տեղի ունենա փոփոխություն ու նշանակվի այդպիսի վարչապետ, որը չունի լեգիտիմության ոչ մի աղբյուր, ո՞ւմ վրա է հենվելու ու ո՞ւմ է պատկանելու իշխանությունը։
Իհարկե, իշխանությունը պատկանելու է այն ուժերին, որոնք ներկայացրել ենք այդ թեկնածուին։ Մեկ տարվա ընթացքում, որի մասին ասվում է՝ վերականգնվելու են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր մեխանիզմները»,- եզրափակեց վարչապետը։
Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի ստորագրած հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր կուսակցություններն ու հասարակական որոշ կազմակերպություններ պահանջում են Նիկոլ Փաշինանի հրաժարականը։