ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի շարքում այսօրվա նիստի ժամանակ ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
Նախագծով առաջարկվում է Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով:
Նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում դեպքերի թվի ավելացում շուրջ 4000-ով, որը կպահանջի լրացուցիչ շուրջ 2,870 մլրդ. ՀՀ դրամ:
Հաջորդ տարիներին տենդենցը առնվազն կպահպանվի: Նախագծի ընդունումով կկարգավորվեն Հայաստանի կամ Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտնյալ պայմաններով կազմակերպելու հետ կապված հարաբերությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողներին տրամադրվոմ են բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ, որից նախատեսված է բացառություն առ այն, որ վերականգնողական բուժօգնությունը ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա չէ: