Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որն անցավ տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս տարի Համագործակցությունում նախագահությունը ստանձնում է Ուզբեկստանը: Այս մասին գրել է ՌԴ ԱԳՆ-ն։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին Համագործակցության ձևաչափով ինտեգրացիոն համագործակցության հարցերի լայն շրջանակ` շեշտը դնելով կորոնավիրուսի տարածման բացասական հետևանքները հաղթահարելու համատեղ գործողությունների վրա:
Հաստատվեց ԱՊՀ հետագա զարգացման նորացված հայեցակարգի նախագիծը, որը սահմանում է միջնաժամկետ հատվածում համագործակցության հիմնական ոլորտները: Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ընդունվել է մասնակից պետությունների համապատասխան համատեղ հայտարարության նախագիծը, որը հաստատման կներկայացվի Համագործակցության երկրների ղեկավարներին:
Նախարարները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ:
Որոշում է կայացվել ԱՊՀ նախարարների խորհրդի հերթական նիստը անցկացնել 2021 թվականի ապրիլի 2-ին Ռուսաստանի Դաշնությունում:
Նշենք, որ նիստի արդյունքներով ընդունված մի շարք որոշումներ կներառվեն այս տարվա դեկտեմբերի 18-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգ: