«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի կանխատեսումներով՝ ամենաուշը 6 ամսից ՀՀ-ում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Այս մասին նա ասաց ԱԺ ճեպազրույցի ժամանակ։
«Եթե Ընտրական օրենսգիրքն ընդունենք այսօր, ուրեմն՝ ընտրությունները պետք է անցկացնենք 6 ամիս հետո: Դա Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է, այսինքն՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստվեն: Եթե Ընտրական օրենգիրքը մնա այնպես, ինչպես որ կա, մենք կարող ենք հենց վաղը կազմակերպել արտահերթ ընտրություններ։ Խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար»,- ասաց ԼՀԿ-ի ղեկավարը։
Մարուքյանի համոզմամբ՝ այս պահին միայն իրենք կարող են ընտրություններ անցկացնել։ Նա բացի իրենցից, ոչ մեկին չի վստահում:
«Ընդդիմությունը պետք է ունենա հստակ մեխանիզմներ՝ հսկելու և ապահովելու արդար ընտրությունների արդյունքները, որոնք չեն վիճարկվի», – նկատեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, իսկ ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը։