Այսօր բոլորս միասին պետք է պայքարենք իշխանություններին հեռացնելու համար։ Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիները պետք է շատ լավ հասկանան, որ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է հանուն հայրենիքի փրկության։
«Ծախվում է մեր երկիրը, վտանգված են ՀՀ սահմանները և հայ ժողովրդի գոյությունը: Թույլ չենք տալու, որ այս դավաճանը ծրագիրը հասնի իր ավարտին»,- ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը քաղաքացիներին կոչ է անում դուրս գալ փողոց՝ հանուն հայրենիքի փրկության։
Վանեցյանն ասաց, որ մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցներին ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել իրենց ձայնը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ իշխանությունն իրենց չի կարող վախեցնել։
«Որևէ բանով չեն կարողանալու մեզ վախեցնել: Բիրտ ուժ կիրառելն ապօրինի գործողություն է և որևէ տրամաբանության մեջ չի մտնում: Ինչ հիմքով են ոստիկանները մեր տղաների նկատմամբ բռնություն կիրառում: Սա մեր իրավունքն է, և մենք իրականացնում ենք մեր ակցիաները: Շատ շուտով ոստիկանները հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին։ Սպան չի կարող կատարել դավաճանի հրամանները, սպան չի կարող հանգիստ նայել Բաքվում երեկ անցկացված զորահանդեսին»,- նկատեց նա։
Հավելենք, որ ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:
Ընդդիմությունը, ԱԱԾ ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, կառավարության շենքի մոտ է և շարունակում է երթը Նալբանդյան փողոցով:
Հիշեցնենք, որ այսօր ևս ընդդիմությունը շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները՝ պարբերաբար փակելով մայրաքաղաքի տարբեր փողոցներ։
Բողոքի ակցիաներ են տեղի ուեննում նաև հանրապետության մի քանի քաղաքներում։
Հիշեցնենք նաև, որ ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։