Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափի ընտրությունը պետք է կատարեին Հայաստանն ու Ադրբեջանը, դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը և այն, թե ինչու Իրանի ծրագրին ուշադրություն չհատկացրեցին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար նախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ պետք չէ մտածել այն մասին, թե ով և երբ հասցրեց կամ չհասցրեց օգնել կարգավորմանը: Պետք է ընդգծեմ ևս մեկ անգամ, որ ձևաչափը պետք է ընտրեին Ադրբեջանն ու Հայաստանը: Դրանով էլ պայմանավորված էր հայտարարության մասնակիցների կազմը: Եվ ոչ մի փորձ չի եղել դա անել Իրանի կամ Թուրքիայի հաշվին: Այժմ կարևոր է մտածել, թե ինչպես ավարտին հասցնել բոլոր պայմանավորվածությունները և առճակատման տարածաշրջանը դարձնել համագոյակցության, իսկ ավելի լավ կլինի՝ բարիդրացիության և համագործակցության տարածաշրջան», – ասել է ՌԴ նախարարը Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչու Իրանի խաղաղ ծրագրին ուշադրություն չհատկացրեցին:
«Լեռնային Ղարաբաղի դեպքում մեզանով առաջնորդել է արյունահեղությանը վերջ դնելու ձգտումը: Հակամարտության կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, հետաքրքրություն են հայտնել դա անել Ռուսաստանի միջնորդությամբ: Այստեղ «հետին» միտք չկա: Ի դեպ, ես չեմ հիշում, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ գտնվելու տարիների ընթացքում իրանցի իմ գործընկերների հետ շփումների ժամանակ հետաքրքրություն առաջանա Ղարաբաղի թեմայի հանդեպ եւ անդրադարձ կատարվի մեր խորհրդակցությունների կամ բանակցությունների ժամանակ», – ավելացրել է Լավրովը:
Նա նշել է, որ Իրանի մտահոգությունը հասկանալի է, քանի որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կանդրադառնա Իրանի տարանցիկ շահերի վրա, հատկապես, որ այդ շահերը սրվում են այն իրավիճակում, երբ ամերիկացիները շարունակում են ուժեղացնել պատժամիջոցներն Իրանի դեմ:
«Հնարավոր չէ հրաժարվել այն սկզբունքից, որը հավանություն էր ստանում բոլոր կողմերից երկար տարիներ շարունակ: Հակամարտությա արդյունք պետք է լինի ամբողջ տարաշաշրջանում հարաբերությունների կարգավորումը: Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ հստակ արձանագրված են մագիստրալ ուղղությունները, որոնք կային նաև հակամարտության թեժ փուլում առաջացած իրանական նախաձեռնության մեջ», – հստակեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00: 00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: