Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ՝ թշնամուն անցնելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանսոյանը։
«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր և լրատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր ևս շարունակել են տարածել կեղծ տեղեկատվություն՝ այս անգամ էլ ,թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ, դիրքեր արևելյան մասում մասնավորապես՝ Ջիլ, Փամբակ, Դարանակ գյուղերի ուղղությամբ զիջվելու են թշնամուն։ Նշված լուրը նույնպես չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը բոլոր ուղղություններով կատարում է իր առջև դրված խնդիրները»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: