Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանները, եթե Երևանը տարածաշրջանային խաղաղության համար դրական քայլեր ձեռնարկի։ Օրերս Բաքվում նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքայի նախագահը Հարավային Կովկասում «վեց երկրների հարթակ» ստեղծելու առաջարկով էր նաև հանդես եկել։ Թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է պատմաբան գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանի հետ։
-Պարոն Դեմոյան, Թուրքիան հայտարարում է, որ «պատրաստ է բացել դռները Հայաստանի համար»։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նախապայմաններ կառաջարկի։
-Գիտենք՝ Թուրքիա որոշ փոփոխություններով երեք հիմնական նախապայման էր դնում․ հայկական զորքերի դուրս բերում Ադրբեջանի տարածքից, տարածքային պահանջներից հրաժարում, ինչպես նաև հրաժարվել հիշողությունից, այսինքն՝ չհիշատակել և հետամուտ չլինել Ցեղապանության միջազգային ճանաչմանը։ Հասկանալի է, որ վերջին երկու նախապայմանները Թուրքիայի համար այդքան էլ հրատապ և կարևոր չեն։
Կարևորն իր դաշնակցի՝ կրտսեր եղբոր շահերից գործելն է։ Դա մենք արդեն տեսանք Արցախյան պատերազմի ժամանակ։ Երկրորդ և երրորդ նախապայմաններն այստեղ դառնում են երկրորդական՝ ոչ կարևոր։ Եվ ծիծաղելի կլիներ, եթե Թուրքիան ասեր, թե առաջին պայմանը կատարվել է, և պետք է անցնել մնացածներին։ Այստեղ ուրիշ հարց կարող է առաջանալ, թե որքանով Թուրքիան կփորձի առանձին խաղալ և իր գործողությունները չհամաձայնեցել Ռուսաստանի Դաշնության հետ։
Ադրբեջանի պարագայում, փաստորեն, Թուրքիայի ռազմական ներկայության ապահովման փորձերն ի դերև ելան։ Ռուսական կողմը սիմվոլիկ ներկայություն առաջարկեց՝ թույլ չտալով, որ թուրքական պաշտոնական զինուժը ներկայությու ունենա Ադրբեջանի տարածքում, այն դեպքում, երբ Նախիջևանում նրանք վաղուց տեղակայված էին։ Արդյո՞ք թուրքական կողմը փորձելու է այս կերպ սիրաշահելով Հայաստանին գրավել իր կողմը՝ ապաշրջափակում, կոմունիկացիաների բացում, պատուհան դեպի Եվրոպա։ Չմոռանանք, որ Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ։ Սահմանների բացումը մենք ոչ միայն պետք է հասկանանք հարաբերություններ Թուրքիայի հետ, այլև՝ ՌԴ-ին հակընդդեմ ռազմական բլոկի երկրի։ Այստեղ հարցը մեկ այլ հարթության մեջ է տեղավորվում։ Արդյո՞ք սա չի ուղղորդվի և իրագործվի որպես հակառակ գործողություններ՝ ի հեճուկս ՌԴ-ի նոր որակի ռազմական ծավալմանը։ Թուրքական կողմն արդեն գիտակցում է, որ Ադրբեջանում մանրևելու իր հնարավորությունների դաշտը ոչ միան նեղանում է, այլև Անկարան ստիպված է կողքից նայելու, թե ինչպես է Ադրբեջանը սահուն կերպով տեղափոխվում ռուսական ազդեցության դաշտ։ Արդյոք Թուրքիան փորձում է ՀՀ-ին այս խաղի մեջ ներառելով՝ կրկին տնտեսական ազդեցության նո՞ր ճակատ բացել։ Գիտենք, որ Վրաստանում բավականին լայն են թուրքական ներդրումները, հատկապես՝ Աջարիայում։ Ամբողջ Վրաստանում թուրքական ազդեցությունը խիստ շոշափելի է, իսկ հայկական շուկան սահմանափակ է, որտեղ կարող է թուրքական դրամների հոսք լինել։ Այն կարող է լրջագույն վերահսկման համար գործիք հանդիսանալ։ Սա է կարևորը, որը պետք է հասկանանք, գնահատենք։
-Էրդողանը Հարավային Կովկասում միջպետական համագործակցության նպատակով ցանկանում է «վեց երկրների հարթակ» ստեղծել։ Ցանկության դեպքում նաև մեր երկիրը կարող է ընդգրկվել։ Վրաստանն արդեն հրաժարվել է այս առաջարկից։ Սրանով Թուրքիան փորձում է տարածաշրջաննում իր դերքե՞րն ամրապնդել։
– Իհարկե, այդ առաջարկով Թուրքիան փորձում է Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդել։ Ցանկացած առաջարկի հիմքում դրված է տվյալ երկրի տնտեսական, քաղաքական, ինչպես նաև ռազմական գործունեություն ծավալելու հրամայականը։
Թուրքիայի կողմից սա տարածաշրջանային համագործակցության առաջին առաջարկը չի եղել։ Այդպիսի նախաձեռնություն եղավ ռուս- վրացական պատերազմից հետո։ Այս բոլորը միանշանակ ծառայելու է առաջին հերթին Թուրքիայի քաղաքական- տնտեսական զարգացմանը Հարավ Կովկասյան տարածշրջանում։ Տողատակով պետք է հասկանալ, որ սա հակադիր գործողություն է տարածաշրջանում ռուսական ռազմական և տնտեսական ներկայությանը։ Եռակողմ հայտարարության ժամանակ ռուսական կողմն է կոմունիկացիաների շրջափակման նախաձեռնությունը հիշատակել։ Դա պատահական չէ։ Ռուսական կողմը փորձելու է վերահսկողություն հաստատել ճանապարհների վրա՝ վերահսկելով տարածաշրջանը։ Ապաշրջափակումը թանկ է նստելու տրանզիտային երկիր հանդիսացող Վրաստանի համար։ Այդ երկիրն այսօր հստակ հակառուսական կողմնորոշում ունի։ Տրանզիտային ուղիների վերաբաշխումը Վրաստանից Թուրքիա, այստեղից էլ Ադրբեջան, Թուրքիայից Հայաստան և հակառակ ուղղություններով բավականին լուրջ խնդիրներ կստեղծեն նաև վրացական տնտեսության համար։ Ամբողջ ճարտապետությունը, որը վերջին 25 տարիներին ձևավորվել էր և կայունցել, քանդվելու է։
Հայաստանն անմիջական սահմանային կապ չունի իր ռազամավարական դաշնակից երկրի հետ։ Եթե դու անմիջական սահման չունես հզոր տնտեսություն ունեցող երկրի հետ, ապա սահմանների ապաշրջափակումը վակուումային իրավիճակ կստեղծի։ Առաջին հերթին պետք է չշտապենք, հաշվարկներ ունենանք՝ մեր օգուտների և վնասների համար։ Դա պետք է արվի՝ խորհրդակցելով մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Սա Հայաստանի միանձնյա որոշման խնդիրը չի կարելի համարել, որովհետև դա գեոպոլիտիկ խոշոր քայլ է լինելու, որը կարող է Հարավային Կովկասում կտրուկ իրավիճակը փոխել։
– Թուրքիայի՝ «վեց երկրների հարթակ» ստեղծելու առաջարկի մասին իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասել էր՝ եթե քննարկելու անհրաժեշտություն լինի, կքննարկեն։ ՀՀ-ն Թուրքիայի առաջարկը կմերժի՞։
– Թուրքիան տարածաշրջանային մեծ հավակնություններ ունեցող երկիր է, ագրսիվ քաղականություն է վարում, ՆԱՏՕ-ի անդամ է։ Եվ այդ բլոկը, մեղմ ասած, անհաշտ դիրքորոշում ունի մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Հետևաբար, որոշում կայացնելու պարագայում, մենք անխուսափելիորեն պետք է լուրջ խորհրդակցություններ ունենանք նաև մեր դաշնակցի հետ։