«Փաստ»-ը գրում է. «Երեկ Արցախի մնացորդների նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի սենսացիոն հայտարարություններ է արել: Խոսելով պատասխանատվության մասին՝ նա մասնավորաբար ասել է. «Եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ եւ կուլիսային ձեւաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում եւ դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ եւս ընդդիմադիրները երթ արեցին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, եւ, չնայած անձրեւոտ ու ցուրտ եղանակին, բավականին մարդ էր մասնակցում։ Ֆրանսիայի հրապարակում հանդես գալով՝ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ առաջիկա երեքշաբթին «պետք է լինի այս շարժման ամենավճռական օրը», այդ օրվանից սկսում են գործադուլ-դասադուլներ»։
«Փաստ» թերթը գրում է. «Չեմ մտնելու քաղաքական դաշտ, բայց օգնելու եմ իմ գիտելիքներով, իմ տիրապետած ինֆորմացիայով։ Մի օր Պանդորայի արկղը բացելու եմ»,- նախօրեին հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա միեւնույն ժամանակ հավելել է. «Եթե ես եմ դուրս գալիս համբերությունից, դա նշանակում է՝ վատ են լինելու ձեր գործերը, տղաներ եւ աղջիկներ։ Դա նշանակում է, որ ես օգտագործելու եմ իմ գիտելքիներն ու ունակությունները երկրում տեղի ունեցող անառակությունները կասեցնելու համար»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում պաշտոնանկ կարվեն երկու սոցապփոխնախարարներ Ռուբեն Սարգսյանն ու Սմբատ Սաիյանը։ Մեզ ասացին, որ նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը որոշել է յուրայիններին առաջ հրել եւ փոխնախարար կնշանակի իր խորհրդական Աստղիկ Մինասյանին, ում համարում է իրեն հավատարիմ մարդ»։
Առավել մանրամասն՝ թերթերի այսօրվա համարնեում: