Մեզ համար ողջ հայ ազգն էլիտա է: «Արժանապատվության երթ»-ի ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ ընդդիմադիրների ընթացիկ ակցիաները «էլիտար բունտեր են»։
«Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրեց և փորձեց հասարակությունը պառակտել՝ «հներ-նորեր», «սևեր-սպիտակներ», հիմա էլ «էլիտար» և չգիտեմ, թե մյուսը որն է: Չի կարող մանիպուլյացիաներով շարունակել մնալ իշխանության»,-նշել է Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ որևէ մեկը չի ասում, որ ժողովուրդը չպետք է ձևավորվի իշխանություն։ «Մենք ասում ենք, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը վերջին 2,5 տարին, հատկապես պատերազմը սկսելու օրվանից ապացուցեց, որ նա ի վիճակի չէ ապահովել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգությունը»,-նշել է Վանեցյանը:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։