Պահանջում ենք անհապաղ դադարեցնել իրավական հիմքից զուրկ և սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքներն ու կենսական շահերը ոտնահարող տարածքների օտարման գործընթացը և կոչ ենք անում այդ գործընթացում ներգրավված պետական մարմիններին չկատարել այն հրահանգները, որոնք հակասում են ոչ միայն մեր պետական շահերին, այլև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը և միջազգային պրակտիկային: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն շարունակում է իրագործել իր պարտվողական քաղաքականությունը ինչպես Զանգելանի և Կուբաթլուի հատվածում, այնպես էլ Սյունիքի մարզի սահմաններում:
Կապանի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները՝ ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը և հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության և կասկածների տեղիք են տալիս:
Սյունիքի մեր հայրենակիցները մեն–մենակ են մնացել թշնամու բանակի ու սահմանային ոտնձգությունների դեմ։ Նրանք ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաև դիմել են հուսահատ քայլի՝ բողոքի գործողությունների։ Մենք սյունեցիների կողքին ենք և սատարում ենք նրանց պահանջներին»,-նշել է Մանուկյանը՝ հավելելով, որ այս հարցում օրվա իշխանությունների վարքագիծը պարզապես պետականակործան է։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Այդ հայտարարության 1-ին կետով նախատեսված հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Հետևաբար հայտարարության տեքստի որևէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար։ Ակներև է, որ այդ հարցերը թողնվել էին հետագա բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց համապարփակ և բարդ բնույթը։
Նկատի ունենալով միջազգային, ինչպես նաև Հայաստան-Վրաստան, Վրաստան-Ադրբեջան առկա փորձը` սահմանների սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է պետությունների կողմից ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում և պահանջում է բանակցությունների արդյունք հանդիսացող սահմանագծի վավերացում երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից: Մինչ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանի Հանրապետությունը պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով»-ընդգծել է ընդդիմադիր թեկնածուն։
Նա նաև նշել է, որ որևէ քարտեզ, առավել ևս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն և չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին:
Ըստ Մանուկյանի՝ Սյունիքում տեղի ունեցող գործընթացները և փաշինյանական իշխանության վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ մենք ապահովագրված չենք նմանատիպ վտանգներից Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: