ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում է։ Նրա առաջինը կանգառը մարզի Սառնակունք գյուղում էր:
Քաղաքացիներից մեկի՝ GPS-ով սահմանազատման աշխատանքների վերաբերյալ հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ է արվում՝ ամենատարբեր ձևերով: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այս առումով որևէ խնդիր չկա»:
Վարչապետը հավելեց, որ հիմա հետցնցումային իրավիճակների մեջ ենք գտնվում. «Մենք ամեն ինչ պետք է անենք իրավիճակը կայունացնելու համար: Մենք պետք է ամեն ինչ անենք մեր գերիներին վերադարձնելու, մեր անհետ կորածներին վերադարձնելու համար»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հիշեցրեց թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում 70 օր անհայտության մեջ մնացած և նախորդ օրը հայրենիք վերադարձած 6 զինվորի մասին: Նա նշեց՝ չնայած սգո օր է, բայց դա տրամադրություն է փոխել: «Այս սգի մեջ բոլորս մի լուսավոր կետ ենք փնտրում, որ դրա շուրջ մեր լավատեսությունը կառուցենք»,-ասաց նա:
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց մեր հերոսների հիշատակին։
Նշենք, որ արդեն քանի օր է՝ Սյունիքի բնակիչները փակել են մարզի ճանապարհները՝ այսկերպ իրենց դժգոհությունը հայտնելով իրականացովող սահմանազատման աշխատանքների հետ կապված։