ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում հանդիպեց բնակիչների հետ և անդրադարձավ բոլորին հուզող հարցերից մեկին՝ ի՞նչ հիմունքներով են կատարվում սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները։
«Մեզ ասում են՝ ի՞նչ հիմունքներով եք կատարում սահմանազատումը, ո՞վ է որոշել այդ սահմանը, ի՞նչ իրավական հիմքերով է որոշվել այդ սահմանը։ Սահմանազատումը կատարվում է 2010 թ-ին ՀՀ ԱԺ-ում ընդունված օրենքով։ Այս հարցերը մեզ տալիս են նաև 2010 թ-ին պատգամավոր եղած, տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք։ Խնդիրն այն է, որ այս վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է այդ ժամանակ ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Այդ օրենքում, օրինակ, Խնձորեսկ համայնքի, Տեղ համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է նաև Ադրբեջանի հետ սահման։ Բա այդ ժամանակ՝ 2010-թին, կառավարության ներկայացրած օրենքում ինչո՞ւ է սահմանների այս կողմը նշվել ՀՀ, իսկ հակառակ կողմը՝ Խնձորեսկից ու Տեղից այն կողմ՝ Ադրբեջան»։
Վարչապետն ընդգծեց, որ հիմա այդ նույն մարդիկ են այսօրվա իշխանությանը մեղադրում, ասելով՝ ինչո՞ւ եք այդ կետերով կանգնում։
«Բայց չէ՞ որ իրենք են այդ կետերն ընդունել, դրանց օրենքի ուժ տվել, բա այդ ժամանակ ինչո՞ւ չեն գրել, որ մեր սահմանից այն կողմ ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Արցախի Հանրապետության տարածքն է։ Բայց չէ՞ որ հենց նրանց ընդունած օրենքով են ուժ ստացել այդ սահմանային կետերը։ Ես ուզում եմ, որ բոլորը, նաև սյունեցիները հստակ պատկերացնեն, թե ինչ է տեղի ունեցել»։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե Արցախյան պատերազմի ժամանակ ինչո՞ւ ՀԱՊԿ-ը չմիջամտեց։
«Պատճառը նույնն է։ Որովհետև 2010թ-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ ՀԱՊԿ-ը մեզ ասում է՝ դա է ձեր սահմանը, դուք եք այդ սահմանը հաստատել 2010թ-ին՝ այդ ժամանակ գործող կառավարության ու խորհրդարանի կողմից է այդ օրենքն ընդունվել։ Ըստ մեր ունեցած պայմանագրերի՝ եթե, աստված չանի, ռազմական գործողություններ սկսվեն ՀՀ-ի դեմ, ապա կգործի բոլորովին այլ ռեժիմ։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա լրիվ այլ հարց է։ Այն պետք է միջազգայնորեն ընդունվի, ճանաչվի»։
Վարչապետը ևս մեկ անգամ հայտնեց, որ հիմա այն մարդիկ, որոնք ընդունել են այդ օրենքը, այսօրվա իշխանությանը ասում են՝ եթե դուք սահմանազատում եք անում այս կետերով, դուք փակում եք Արցախի հարցը։
«Եթե այդպես է, ապա նրանք Արցախի հարցը փակել են դեռ 2010թ-ին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հավաստիացրեց, որ սահմանների հստակեցումը երաշխիք կդառնա ՀՀ-ի անվտանգության համար։