Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ: Այս մասին հայտնում է Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջը։
Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և հեռանկարային ծրագրերի մշակմանը:
Ոլորտի մասնագետների հետ քննարկվել են Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հնարավորությունները, նորարարական առաջընթացի, կիբեռանվտանգության, ռազմարդյունաբերության զարգացման ուղիներն ու հեռակարները:
Մտքեր են փոխանակվել նաև մեր երկրի զարգացման ապագա ռազմավարության և տեսլականի շուրջ:
Հիշեցնենք, որ Երևանում և հանրապետության այլ քաղաքներում նոյեմբերի 10-ից հանրահավաքներ և ցույցեր են տեղի ունենում ՝ ի պատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած եռակողմ հայտարարության։ Հայրենիքի փրկության կոմիտեն, որը միավորում է 16 ընդդիմադիր ուժերի, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների, պահանջում է կառավարության և վարչապետի հրաժարականը։ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ-ն, ԵՊՀ Գիտական խորհուրդը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն, ստեղծագործական և գիտական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օգտին հանդես եկավ նաև Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը։