ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։
«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով եմ կանչվել։ Հավանաբար, կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել»,- այս մասին նա գրել է Facebook-ի էջում։
Նա նաև հայտնել է, որ այսօր ներկայանալու է Երևան քաղաքի վարչություն։
«Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։ Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ ոստիկանությունը հայտարարեց, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում արված հայտարարություններում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել Քրեական օրենսգրքի 301.1-րդ (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը կամ սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելը, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն`պատժվում է ազատազրկմամբ` երեքից տասը տարի ժամկետով) հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Հիշեցնենք նաև, որ ընդդիմությունը շարունակում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները։