Սյունիքի մարզում նոր ռուսական ռազմաբազայի ստեղծումը կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը:
Այս մասին չորեքշաբթի օրվա ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ հայտնելով, որ պետք է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ:
Մարուքյանն ընդգծեց, որ այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը Սյունիքի անվտանգությունն է:
Ի դեպ, ԼՀԿ-ն պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծելու նախագիծ է մշակել։ Այն պետք է ուսումնասիրի մինչպատերազմյան իրավիճակն ու պատերազմի ընթացքը։
Հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 16 անդամներից. ԱԺ երեք խմբակցությունները պետք է առաջարկեն չորսական անդամ, իսկ ԱԺ չանցած վերջին երեք ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Մենք» դաշինքը ներկայացնեն մեկական ներկայացուցիչ։ ՀՀ ՄԻՊ-ը մեկ ներկայացուցիչ կարող է առաջարկել։ Հանձնաժողովի անդամները կաշխատեն անվճար` հասարակական հիմունքներով, իսկ նիստերը կգումարվեն ԱԺ-ում։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջարկում է ՀՀ նախագահին կառավարության կողմից լիազորել ՀՀ անունից բանակցություններ վարելու և ներկայացնելու ՀՀ-ն։
Նրա խոսքով` ՀՀ նախագահը նույնպես պետք է ներգրավվեր սահմանազատման հարցերում։ Մարուքյանը նշեց, որ մինչև խորհրդարանական ընտրությունները, այսինքն` հիմա, ՀՀ խորհրդարանի մակարդակում պետք է իրականացնել որոշակի սահմանադրական փոփոխություններ։
Մարուքյանը հավելեց, որ արդեն իսկ գրություն է պատրաստում կառավարություն դիմելու համար, որպեսզի նախագահի լիազորություններն ընդլայնվեն։
Հիշեցնենք, որ օրերս Մարուքյանը մեկնել էր ՌԴ։ Armenia Today-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել էր ԼՀԿ խոսնակ Պետունցը, սակայն այլ մանրամասներ չէր հաղորդել։