«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Քաշաթաղի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ կացարանի խնդիր ունեն։ Մեզ հետ զրուցած քաշաթաղցիները հայտնեցին, որ ժամանակավոր Երևանում են բնակվում՝ մեկը բարեկամի տանը, մյուսը՝ հյուրանոցում, երրորդը՝ վարձով։ Բոլորն էլ դժգոհում էին, որ պատշաճ օգնություն չեն ստացել, թոշակ ու բնակարանային վարձի փոխհատուցում չեն ստացել: Մինչդեռ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանի յուրաքանչյուր բնակչի խնդրին անհատապես ծանոթանալու են և հնարավորության դեպքում փորձելու են օգնել։ Բնակչության և տեղահանվածների թիվը նույնն է, բայց մոտ 8 հազար մարդու մասին է խոսքը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին աշխատակից Լևոն Խաչատրյանի համար առնվազն զարմանալի է ԱԱԾ քննչական վարչության նախկին ղեկավար, ԱԱԾ պետի կարճաժամկետ պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի վերջին շրջանի քաղաքական ակտիվությունը։ Խաչատրյանը, որը Միքայել Համբարձումյանի թեթև ձեռքով դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, պնդում է՝ Միքայել Համբարձումյանը համակարգում սովորական կամակատար է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի ու Սերժ Սարգսյանի ձեռքին»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենիքի փրկության շարժման քայլերթն ու հիմնը առաջնորդող՝ սաունդթրեք դարձած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի հեղինակը գյումրեցի հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ Նա մեզ ասաց, որ երգը հատուկ մեկի պատվերով կամ խնդրանքով չի գրել, այլ գրել է իր ու իր պես մարդկանց համար, եւ այս երգի մեջ իր մտքերն են՝ այն ամենը, ինչին որ ինքը խորապես հավատում է։ «Կարծում եմ՝ երգը սիրվել է, համ էլ նրա համար, որովհետեւ նմանատիպ մտքեր ունեցող ու նմանատիպ բաների հավատացող էսօր ՀՀ-ում շատ ու շատ մարդիկ կան»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԱԾ կողմից իրականացված վերջին ուսումնասիրությունը, շատ մեղմ ասած, ոգեւորիչ չէ իշխանությունների համար: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն այս պահին, ըստ այդ հարցման, մոտավորապես 8 տոկոս է: Մեր աղբյուրները հայտնում են, որ այս ցուցանիշի մասին, սակայն, Փաշինյանին չեն տեղեկացրել՝ հնարավոր անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու համար: Փոխարենը այս մասին տեղյակ են իշխանական կուլիսներում, ինչը լուրջ խուճապային տրամադրություններ է առաջացրել թե՛ գործադիրում, թե՛ խորհրդարանում: Բանն այն է, որ իշխանական որոշ շրջանակներ պարբերաբար քարոզչական մանիպուլ յացիայի դասական կանոններով «թեզեր» են հրապարակ նետում, որ եթե այս պահին արտահերթ ընտրություններ լինեն, իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն: Մյուս կողմից՝ նրանք փորձում են առաջին հերթին հենց իրենց փոքրաթիվ կողմնակիցներին համոզել, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը համաժողովրդական չէ, որ փողոց դուրս եկողների քանակը մեծ չէ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Լուսավոր Հայաստանն» առաջարկում է արցախյան երկրորդ պատերազմի առնչությամբ պարիտետային փաստահավաք հանձնաժողով ստեղծել: Այս մասին երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա միեւնույն ժամանակ նշեց, թե հանձնաժողովը կարող է ստեղծվել կառավարության որոշմամբ: Ընդդիմադիր կուսակցությունն առաջարկում է, որ հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցությունից պետք է առաջարկվի 4-ական ներկայացուցիչ, իսկ ԱԺ չանցած ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Մենք» դաշինքը՝ մեկական ներկայացուցիչ»:
Նյութերն ամբողջությամբ՝ թերթերի այսօրվա համարներում։