ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությանը:
Կարեն Առուստամյանը վստահեցրեց, որ իր քառամյա ծրագիրն իրականություն դառնալու դեպքում, 2023 թվականին կարող ենք ունենալ որակապես այլ Հաշվեքննիչ պալատ։
Հավելենք, որ օրեր առաջ Ազգային ժողովը 79 կողմ և 3 դեմ ձայներով Կարեն Առուստամյանին չընտրեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում: Իշխող ուժը «մերժված» թեկնածուին կրկին առաջադրել է։
Հիշեցնենք, որ Կարեն Առուստամյանը Փորձաքննությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն, փորձագետ Վասիլ Առուստամյանի որդին է։
Նա դեռ 2005 թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի պետական բյուջեի եկամուտների մուտքերի, պետական գույքի մասնավորեցման եւ կառավարման վերահսկողության վարչությունում որպես մասնագետ, նույն թվականից` ՀՀ Ազգային ժողովի վերահսկիչ պալատի վերլուծական և մեթոդաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, ապա` տեսչության պետ։
Հիշեցնենք նաև, որ Կարեն Առուստամյանը ծնվել է 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: