Դուք այսօր ապացուցեցիք, որ չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել։ ԱԺ ամբիոնից դիմելով իշխանական պատգամավորներին՝ նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, նշելով․
«Եվ ուզում եմ ասել, որ այս պայմաններում, օրինակ, այսօրվա դեպքերը խոսում են այն մասին, որ դուք չեք կարող արտահերթ ընտրություններ կազմակերպել։ Եվ երբ խոսում եք արտահերթ ընտրությունների մասին, իմացեք, որ դա հղի է արյունահեղություններով։ Դուք երկիրը տանում եք ցնցումների, արյունահեղությունների»,- ասաց Մարուքյանը՝ դատապարտելով այսօր իշխանական մի քանի պատգամավորների նկատմամբ տեղի ունեցած բռնության դեպքերը։
Իսկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին խոսելն այս պահին արդեն որևէ իմաստ չունի:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նա նշեց, որ նման պահանջ ներկայացնելու ցանկություն ունեցողները պետք է նստեն սեղանի շուրջ և քննարկեն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը։
Ըստ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ ստեղծվել է աբսուրդային իրավիճակ:
«Ընդդիմությունը գալիս ու ասում է, որ իշխանությունը շատ վատն է և օր առաջ պետք է հեռանա: Իշխանությունն ասում է՝ շատ լավ, եկեք անենք արտահերթ ընտրություններ: Եվ ոչ մի պատասխան: Միակ պատասխանը, որ կարելի էր լսել, պարոն Մարուքյանի պատասխանն էր, որ բարդություններ կարող են լինել ընտրություններ անցկացնելու վերաբերյալ»,- նկատեց նա։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրություն անցկացնելու առաջարկով է հանդես եկել, սակայն 16 կուսակցությունները մերժում են այդ առաջարկը։