Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ին չենք դիմել, որովհետև Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ին իր սահմաններում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀԱՊԿ-ի անդամ չի հանդիսանում այն տարածքը, որը ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված է և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղ: Դրա համար ՀԱՊԿ-ում նման գործընթաց սկսելը, նաև հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, կարող էր լինել անարդյունք, որովհետև կրկնում եմ՝ Հայաստանն է անդամակցում ՀԱՊԿ-ին, այլ ոչ թե Արցախի Հանրապետությունը»,- նշեց ԱԺ փոխնախագահը։
Նրա տեղեկացմամբ՝ երբ միջադեպեր են գրանցվել ՀՀ տարածքում, դիմել են ՀԱՊԿ-ին։ Սիմոնյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ հավաքի ժամանակ և խնդրել միջամտություն, որից հետո ՌԴ-ի գործընկերոջ կողմից եղել է դիմում ՀԱՊԿ ղեկավար Զասին։
Հիշեցնենք, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտնել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար: