Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված 8.3 մլն ՀՀ դրամի չափով «հնարավոր չարաշահումների» մասին։ «Այբ» կրթական հիմնադրամի Հանրային կապերի և մեդիայի հարաբերությունների համակարգող Նվարդ Առաքելյանն, անդրադառնալով հիմնադրամի նկատմամբ հարուցված քրեական գործին, Armenia Today-ի հետ զրույցում ասաց․
«Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդանուր արժեը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել ներկայացնել որևէ չարաշահման հիմնավորում կամ փաստ, այնպես էլ հիմա։ Վստահ ենք, որ ցանկություններից ստեղծված այս գործը չի կարող երկար կյանք ունենալ»,- մեկնաբանեց նա և հավելեց, որ պատրաստ են ամբողջությամբ ներկայացնել իրենց պնդման հիմքերը և պայքարել անօրինական գործողությունների դեմ։
«Նաև շատ բարձր ենք գնահատում, որ երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների ու ակնհայտ ապօրինությունների համատեքստում դատախազությունն ուշադրության է արժանացրել 15 հազար դոլարի «հնարավոր չարաշահումը»։ Նաև կարծում ենք, որ ԿԳ նախարարության կողմից ծրագիրը կասեցնելու որոշման հետևանքով է փոշիացվել այդ ամբողջ գումարով ձեռք բերված եզակի կրթական արդյունքը և համոզված ենք՝ վաղ թե ուշ դատախազությունը ստիպված կլինի դրան իրավական գնահատական տալ»,- նշեց Առաքելյանը։
Հիշեցնենք, որ քրեական գործ է հարուցվել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ։