Մեր հանդիպման միակ նպատակը մի հարց է. քննարկել՝ երկիրն ի՞նչ վիճակում է, և միասին մտածել՝ ինչպես այս իրավիճակից հանել երկիրը: Գյումրեցիների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ունենք զոհեր, վիրավորներ, Արցախի տարածքի մեծ մասը կորած է: Հայաստանը սեղմվում է, անընդհատ գալիս են առաջ, Սյունիքում, Տավուշում, հազար ու մի տեղ խնդիր ունենք: Բոլորի կողմից հայերի նկատմամբ արհամարհանք կա: Կա ներքին տագնապ, ներքին անբավարարվածություն»,-ասաց նա:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը՝ նա շեշտեց.
«Նիկոլ Փաշինյանը տապալեց բանակցային ամբողջ գործընթացը: Մեկ ասաց՝ Արցախը մեզ հետ կապ չունի, թող իրենք որոշեն՝ ինչ անեն, Արցախը ինձ չի ընտրել, ես միայն Հայաստանից եմ ընտրվել: Հետո մի շատ վտանգավոր նախադասություն ասաց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»: Ամբողջ 30 տարվա մեջ մենք ապացուցում էինք, որ Արցախն ինքնորոշման հարց է լուծում, ինքը տարածքային հարց դարձրեց, իսկ երբ Ադրբեջանը հարձակվեց, ոչ ոք մեզ չպաշտպանեց, որովհետև, ըստ այդ հայտարարությունների, ստացվեց այնպես, որ Ադրբեջանը պաշտպանում էր իր տարածքը: Իսկ ի՞նչ կատարվեց բանակի հետ: Առաջին իսկ վայրկյանից բանակին վարկաբեկում էին, այս կամ այն գեներալի նկատմամբ գործ էին բացում: Եվ տապալված բանակցային գործընթացի պարագայում պետք է ուժեղացներ բանակը, փոխարենն այն թուլացավ: Ի՞նչ կատարվեց, սկսեցին երեխաներին ելակ տալ: Լավ բան է ելակը, բայց ելակո՞վ է ուժեղանում բանակը»:
Վազգեն Մանուկյանն իր ելույթի ժամանակ քննադատեց նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը:
«Ի՞նչ կարող է ենթադրել այս ամենը: Առաջինը, որ այդ մարդը հիմար է և հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող: Երկրորդ, որ պետական մտածողություն չունի, նման մարդը ևս իրավունք չունի երկիր ղեկավարել: Երրորդ, որ ինքը դավաճան է: Ընտրեք՝ որն ուզում եք»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել էր, որ այցելելու են Գյումրի, որտեղ ժամը 18:00-ին «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի կունենա հանդիպում Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ։