ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ այս նախագիծը միտված է երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Այս առաջարկն ընդունելու դեպքում երեխան կարող է բողոք ներկայացնել իր իրավունքները խախտելու դեմ։
Փոխնախարարը մատնանշեց, որ արձանագրության վավերացմամբ` Հայաստանի Հանրապետությունը ստանձնելու է պարտավորություն` պատշաճ ուշադրություն դարձնել իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ կոմիտեի տեսակետներին և առաջարկություններին:
Նախագծով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած, հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված լինելուն համաձայնություն տալու իրավունքը: Առաջարկվել է գրավոր իրազեկված համաձայնությունն ստանալ նրա օրինական ներկայացուցչից, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սահմանվել է նաև, որ երեխայի հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումն իրականացնելիս նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը ստորագրվել էր 2019 -ին.: Արձանագրությունն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի 89-րդ լիագումար նիստում՝ 2011 թվականի դեկտեմբերի 19-ին: Այն ստորագրել է 52, վավերացրել՝ 46 պետություն: Հայաստանի Հանրապետությունն արձանագրությունը ստորագրել է 2019թ. սեպտեմբերի 26-ին: