«Ժամանակ»-ը գրում է. «Վերջերս անդրադարձել էինք ԱԱԾ նախկին մի աշխատակցի պատմությանը, ով ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ներկայումս ընդդիմադիր Միքայել Համբարձումյանի քննած գործով դատապարտվել էր անազատության միայն այն բանի համար, որ ԱԱԾ-ից ազատվելուց հետո աշխատանքի էր անցել այդ ժամանակ ընդդիմադիր գործիչ, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «ՀայԷկոնոմբանկում» որպես անվտանգության ծառայության ղեկավար»։
«Հայաստանի Հանրապետություն»-ը գրում է. «Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություններ։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ձմեռային այս զորավարժություններն ամենամասշտաբայինն են լինելու վերջին տարիների կտրվածքով։ Դրանցում ներգրավված են լինելու տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ»։
«Ժամանակ»-ը գրում է. «Ավելի ակնհայտ է դառնում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իրեն տարանջատում է 16-ի ֆորմատից: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ ԲՀԿ-ականները առանձին մարզային այցելություններ ու հանդիպումներ են կազմակերպում և ակտիվ չեն 13-ի մարզային այցերի կազմակերպման հարցում: ԲՀԿ-ն նաև ընդունեց վարչապետ Փաշինյանի հանդիպման հրավերը, որը ևս բացասաբար է ընդունվել դաշինքի մյուս կուսակցությունների կողմից»։
«Հրապարակ»-ը գրում է. «ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի ընտրության հարցը չի ընդգրկվել երեկ մեկնարկած ԱԺ քառօրյայի օրակարգում։ Իշխանականները վստահեցրին, որ խնդիրը «տեխնիկական» է՝ եկող քառօրյային կառաջադրեն նրան, նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբորը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Սորոսի հիմնադրամի Բորդի անդամ Դավիթ Խաչատուրյանին, եւ քվեարկությունը միաժամանակ կկազմակերպեն»։
«Փաստ»-ը գրում է․ «Անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այդպես էլ ուշքի չի գալիս։ Պարտության հետևանքով ունեցանք մարդկային, տարածքային և նյութական այնպիսի աննախադեպ կորուստներ, որոնք դեռ տարիներով զգալ կտան իրենց։ Երկիրն անընդհատ միակողմանի զիջումներ է կատարում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջների ավելացմանը զուգահեռ»։