Պատերազմի ժամանակ հաղթելու ենք կարգախոսի ներքո վարած ամբողջ քաղաքականության հետևանքոով մենք պարտություն կրեցինք։ Այսօր էլ իշխանությունները «լռում ենք» կարգախոսի ներքո են գործում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Մոսկովյան հանդիպումներում ամենակարևոր խնդիրներից մեկը ռազմագերիների հարցն էր։ Ես ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն, ուրախությամբ չէ, որ ասում եմ՝ մենք պարտվել ենք։ Պարզապես, մեզ ավելի լավ բանակցող իշխանություններ են պետք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ ու մեր արժանապատվությունը պահել արտաքին աշխարհում։ Մեր շատ հայրենակիցներ ուրախանում են ապաշրջափակումից։ Իհարկե, եթե խաղաղության պայմանագիրը կնքված լինի, մեր հարաբերությունները հարթված լինեն, ապաշրջափակումը տարածաշրջանում շատ լավ է։ Բայց այս իրականության մեջ ռազմական հաղթանակից հետո հակառակորդը թուրք-ադրբեջանական տանդեմը ընդլայնելու է՝ մեզ վրա նաև տնտեսական հարձակման իմաստով»,-նշել է նա։
Սեյրան Օհանյանը շեշտել է, որ դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնում են այն դեպքում, երբ պայմաններ կան, և այդ պայմանները պետք է խաղաղության պայմաններ լինեն․ «Նախ, չկան այդ պայմանները, որ մենք հստակ նշենք, և չկան այն սահմանները, որոնք հստակ ընդգծված են: ԽՍՀՄ տարբեր քարտեզներ են ներկայացնում, որտեղ տարբեր դրություն է ընդգծված: Բացի այդ, մենք պետք է հասկանանք, որ այնտեղ, որտեղ կանգնեց զինվորը, դրվեց զինվորի ոտքը, հետագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի ժամանակ շատ դժվար է լինելու բանակցել և պարտադրել, որ նրանք հետ քաշվեն»։