ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա:
«Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռևս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի:
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դեսպանները նշանակվում են դիվանագիտական նշանակումով կամ քաղաքական նշանակումով, քաղաքական նշանակումների համար որևէ սահմանափակում չկա: Ինչ վերաբերում է իմ փորձին, ապա կարծում եմ` այն հանրային է եղել խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, իսկ փորձն, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն որոշ դեպքերում ամենաառաջնային դերակատարումը չունի»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Հիշեցնենք, որ երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան: