«Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում:
Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո):
Նշենք, որ գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:
«Ընդդիմադիր խմբակցությունները չեն համաձայնում Փաշինյանի հրաժարականի պարագայում նոր թեկնածու չառաջադրել, ինչը տեսականորեն նշանակում է, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԱԺ-ն այլ վարչապետ կարող է ընտրել», – գրում է թերթը։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա ավարտին վարչապետ Փաշինյանը հանդես եկավ արտահերթ ընտրություններ անցակցնելու վերաբերյալ խորհրդակցություններ սկսելու նախաձեռնությամբ։ Խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի մեծ մասն այս նախաձեռնության դեմ հանդես եկան՝ կտրականապես դնելով վարչապետի հրաժարականի պահանջը։