ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, ԱԺ պատգամավորներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին:
Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը։ Այս մասին
հայտնել է Շիրակի մարզպետարանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը շնորհակալություն է հայտնել նախորդ մարզպետ Տիգրան Պետրոսյանին բարեխիղճ աշխատանքի համար և ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նորանշանակ մարզպետն իր պաշտոնը ստանձնում է երկրի և մարզի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում․
«2020-ի իրադարձությունները որոշակի փոփոխություններ պետք է մտցնեն մի շարք հարցերում՝ խնդիրների լուծման նկատմամբ մեր մոտեցումներում: Այս դժվարին փուլում առաջնահերթ է մարզում միասնության, համերաշխության մթնոլորտի ձևավորումը: Առաջիկայում այս ուղղությամբ կարևոր անելիքներ ունենք»:
Նախարարը առանձահատուկ երախտագիտությամբ կարևորել է Շիրակի բնակչության և համայնքապետերի դրսևորած հայրենանվեր վարքագիծը ռազմաճակատում և թիկունքում տարվող աշխատանքներում:
Խոսքում նախարարն անդրադարձել է նաև 2020թ -ին մարզում իրականացված աշխատանքներին և 2021 թվականին ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ սպասվող աշխատանքներին:
Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և նշել, որ ամեն ինչ անելու է հարազատ մարզի առջև ծառացած հիմնահարցրեի լուծման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը Շիրակի մարզպետ նշանակվեց հունվարի 21-ին։ Նա նախկինում եղել է առողջապահության փոխնախարար։