«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ՀՀ ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանը նշել է, որ դեսպան Կոպիրկինը կարևոր է համարել երկկողմ աշխատանքների շարունակականությունը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում՝ ընդգծելով երկու երկրների միջև դարավոր ու եղբայրական կապերն է՛լ ավելի ամրապնդելուն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
«Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորն է և Հայաստանի անփոխարինելի ռազմավարական գործընկերը:
Հայ-ռուսական քաղաքական, տնտեսական կապերի ամրապնդումն ու շարունակական զարգացումը չունի որևէ այլընտրանք:
Դեսպան Կոպիրկինին խնդրել եմ փոխանցել իմ երախտագիտությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում պատերազմը դադարեցնելու գործում ներդրած ակտիվ ջանքերի և դժվարին իրավիճակում հայ ժողովրդի կողքին կանգնելու համար», -գրել է ԲՀԿ առաջնորդը։
Նշենք, որ օրեր առաջ Կոպիրկինի հետ հանդիպում էր ունեցել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։