«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ «Իմ քայլի» հրատապ նիստին աննախադեպ քիչ պատգամավորներ են մասնակցել։ Հրավիրել էին, որ քննարկեին Վահագն Հովակիմյանի նախագիծը՝ առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ինքնալուծարման մասին։ Իսկ մինչ այդ հարկավոր է Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացնել։ Նիստին չի մասնակցել անգամ Արարատ Միրզոյանը»։
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Չնայած Հայաստանում կուսակցությունների պակաս չկա, այնուամենայնիվ, դեռ հայտնվում են մարդիկ՝ հատկապես ֆինանսական ռեսուրսներին տիրապետող, որոնք ջանում են մասնակից դառնալ հայրենի ներքաղաքական գործընթացներին: 2020 թվականի դեկտեմբերի 7-ին Երեւանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնեց Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մտադրության մասին»:
«Հրապարակ»-ը գրում է. «Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաեւ՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական մեր աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեեւ ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի»:
«Հրապարակ»-ը գրում է. ««Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է մտածել՝ ներքաղաքական թեժ իրադարձություններից հեռու»։