Արցախի հիմնահարցը լուծված չէ, կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է: Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
«Որպեսզի խոսենք տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին, նախ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, որն ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման դեպքում, առաջին հերթին՝ մեր գերիների ազատ արձակման հարցում։ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, և եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար»,- նշեց նա։
Ըստ նրա՝ Ադրբեջանը պետք է հասկանա, որ գերիների հարցը հրատապ լուծում է պահանջում։
«Կա միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Մեր գծով միջազգային ճնշումն օրեցօր աճում է»,- հավելեց նա։
Արտաքին գործերի նախարարը հայտնեց, որ օրերս Մինսկի խմբի համանախագահները հանդիպում են ունեցել։ Այվազյանը նշեց, որ առաջիկայում ակնկալելու են նրանց այցը տարածաշրջան:
«Եթե մենք խոսում ենք տարածաշրջանում կայունության և խաղաղության մասին, պետք է ընդհանուր ըմբռնում լինի: Տարածաշրջանը չպետք է ունենա հաղթողներ և պարտվողներ: Պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- նկատեց Արա Այվազյանը:
Հիշեցնենք, որ Բանակի տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաններ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։